ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ
Գորիսի քաղաքապետ
Յուրաքանչյուր քաղաքի դեմքն ամբողջանում է իր կրթամշակութային հաստատություններով, ազգին ու մարդկությանը տված արժանավոր մարդկանցով: Վստահ կարող ենք ասել, որ Գորիսը միշտ էլ առանձնացել է ուսյալ, կրթությունը գնահատող մարդկանցով, որի վկան մեր քաղաքի բարի ավանդույթները կրող ու պահպանող ուսումնական հաստատություններից մեկն է` Գորիսի պետական քոլեջը:
Անցնելով երկար եւ բեղմնավոր ուղի` Գորիսի պետական քոլեջը վաստակել է հանրության սերն ու վստահությունը, նրա ջերմ գրկում են իրենց մասնագիտական ունակությունները ստացել ու կայացել անվանի մարդիկ` Սերո Խանզադյան, Սուրեն Այվազյան, Ալեքսանդր Մարգարյան, Աշոտ Հարությունյան, Նինա Հովսեփյան…
Լինելով մեր հանրապետության հարավային հատվածում` այն ունեցել է եւ ունի նաեւ ռազմավարական մեծ նշանակություն` ապահովելով տարածաշրջանի երիտասարդների կրթությունը. քոլեջը կանխում է նրանց արտահոսքը, ամուր պահում հայրենի հողի հետ կապը:
Լիահույս եմ, որ մեր քաղաքի լուսավոր ապագան մեծ չափով կապված է նաեւ Գորիսի պետական քոլեջի եւ նրա կրթած ու դաստիարակած սերունդների հետ: Իսկ ժողովրդի համար մեծ փորձության` ապրիլյան օրերին Գորիսի պետական քոլեջը մեկ անգամ եւս ապացուցեց իր նվիրվածությունը, որ կանգնած է սահմանում գտնվող զինվորի կողքին, պատրաստ է յուրաքանչյուր դժվարության ժամանակ նեցուկ լինել նրան:
Ցանկանում եմ, որ Գորիսի պետական քոլեջն իր նվիրական գործունեությունը շարունակի խաղաղ ու բարեկեցիկ ժամանակներում եւ բազում առիթներ ունենա հպարտանալու իր ուսանողներով, գիտության երախտավորներով:
ԱՂԲՅՈՒՐԸ: http://syuniacyerkir.am |