12.05.2021թ., Չորեքշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաղուց անհրաժեշտություն է առաջացել Գորիսի պետական քոլեջում ունենալ աշխատաշուկայով թելադրված մասնագիտություններ

Տեղական որոշ առաձնահատկությունների ու մարտահրավերների, ինչպես եւ դրանց բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված քայլերի մասին

Հանրապետությունում վերջին տարիներին իրականացվող կրթական բարեփոխումները լայն հնարավորություն են ընձեռել կրթօջախներին՝ իրականացնելու նոր եւ բազմաբնույթ կրթական ծրագրեր ու գործառույթներ:

Բարեփոխումները հնարավորություն են տալիս կրթական ծրագրերը համապատասխանեցնել Սյունիքի մարզի եւ առհասարակ տարածաշրջանի զարգացման միտումներին, մանավանդ որ վաղուց ուրվագծված են տարածաշրջանի սոցիալ-տնտեսական եւ հոգեւոր-մշակութային զարգացման գերակայությունները:

Վաղուց անհրաժեշտություն է առաջացել քոլեջում ունենալ մեր կյանքի տարբեր ոլորտների մասնագիտական (կադրային) պահանջարկի բավարարմանը միտված, աշխատաշուկայով թելադրված մասնագիտություններ՝ նախապես կատարելով աշխատաշուկայի ուսումնասիրություն:

Նախորդ տարիներին արդեն իսկ ցուցաբերվել է նման մոտեցում, եւ ներդրվել են մասնագիտություններ (միջին մասնագիտական եւ արհեստագործական), որոնք որոշակի պահանջարկ ունեն:

Արդեն սկզբնավորված այդ գործընթացը շարունակություն կունենա:

Այդ ամենով հանդերձ՝ մեր ժամանակներն ունեն նաեւ որոշակի մարտահրավերներ՝ ծառացած միջին մասնագիտական համակարգի եւ, մասնավորապես, մեր տարածաշրջանի առջեւ:

Այսօր Գորիսում գործում է պետական համալսարան՝ տեխնիկական, հումանիտար, մանկավարժական մասնագիտություններով (մի մասը՝ նաեւ առանց արտադրությունից կտրվելու): Պետական համալսարան եւ միջին մասնագիտական ու արհեստագործական ուսումնական հաստատությունների ցանց է գործում Արցախում. մինչդեռ տարիներ շարունակ այնտեղ կադրային պահանջարկի մի մասը, հատկապես՝ մանկավարժական, լուծել է Գորիսի պետական քոլեջը:

Տարածաշրջանում տեխնիկական կադրերի պահանջարկն ինչ-որ չափով լուծում է նաեւ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղը:

Տարածաշրջանում առկա են ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Առկա է միջին մասնագիտական կրթական հաստատությունների ձեւավորված ցանց:

Վերոգրյալ գործոններն ուղղակիորեն առաջ են բերում առողջ մրցակցության անհրաժեշտություն, որի գլխավոր չափանիշը եղել եւ մնում է ուսուցման որակի հետեւողական բարելավումն ու արդիականացումը:

Տասնամյակներ շարունակ քոլեջում ուսուցանվող մասնագիտությունների գերակշռող մասն ունեցել է մանկավարժական ուղղվածություն: Վերջին տարիներին, սակայն, կրթական բարեփոխումների եւ օպտիմալացման քաղաքականության շնորհիվ, ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, նվազել է միջին մասնագիտական կրթությամբ կադրերի պահանջարկն անգամ հեռավոր, լեռնային, սահմանամերձ համայնքներում: Ասել է թե՝ միջին մասնագիտական կրթությամբ կադրերի հանդեպ կտրուկ նվազել է հետաքրքրությունը: Այդ երեւույթը շարունակվելու միտում ունի: Մանկավարժական ուղղվածությամբ մասնագիտությունների ուսուցումից հրաժարվելու պատճառներից գլխավորը «Հանրակրթության մասին» օրենքում, կատարված փոփոխություն է, համապատասխան որի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կարող են իրենց աշխատանքը շարունակել մինչեւ 2023 թվականը: Դրանք են այն պատճառները, որ արդեն մի քանի տարի է՝ վերցրել ենք մանկավարժական մասնագիտությունների ուսուցումից հրաժարվելու կուրս: Ներկայումս միայն ուսուցանվում է «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունը, որի հանդեպ կա պահանջարկ, եւ, համոզված ենք, պահանջարկ է լինելու առաջիկա տարիներին եւս:

Եթե մանկավարժական մասնագիտությամբ կադրերի պատրաստումից հրաժարվելն օրինաչափ էր՝ նկատի ունենալով, որ հանրակրթական դպրոցում ուսուցչական գործն այլեւս վերապահվում է բարձրագույն կրթությամբ մասնագետների, ապա նույնը չի կարելի ասել բժշկական մասնագիտությունների պատրաստման գործում որդեգրված նոր մոտեցման մասին:

Տարիներ շարունակ Գորիսի պետական քոլեջը պատրաստել և պատրաստում է կադրեր «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ», «Դեղագործություն» մասնագիտություններով: Քոլեջը 2009 թվականից սկսած վերոնշյալ երեք մասնագիտություններով թողարկում է շրջանավարտներ, ովքեր իրենց տեղն ու դերն ունեն Գորիսի տարածաշրջանի, Սյունիքի մարզի, ինչպես նաև ամբողջ Հայաստանի միջին օղակի բժշկական մասնագետների աշխատաշուկայում։ Հատկանշական է, որ վերոնշյալ մասնագիտություններով Գորիսի պետական քոլեջում իրենց մասնագիտական կրթությունն են ստացել ուսանողներ՝ Արցախի Հանրապետության տարբեր շրջաններից, Դիլիջանից, Սիսիանից, Մեղրիից, Արարատից։ Այս տարիների ընթացքում «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ» եւ «Դեղագործություն» մասնագիտություններով քոլեջը թողարկել է 270-ից ավել շրջանավարտ։

Քոլեջում ներդրված է ՏՏ ոլորտի երկու մասնագիտություն. «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» և «Համակարգիչների շահագործում»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր հանրապետության տնտեսության գերակա ճյուղերից է:

Այս ոլորտը շատ կարճ ժամանակամիջոցում աշխարհի բազմաթիվ պետությունների, այդ թվում նաև ՀՀ-ի, ամենաարագ զարգացող ճյուղերից է դարձել` նպաստելով տնտեսության աճին, մրցունակության և արտադրողականության բարձրացմանը, հավելյալ մեծ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանն ու երկրի վարկանիշի բարձրացմանը:  

«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունն աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններից մեկն է: 

Քոլեջում 12-ամյա կրթության հիմքով այս մասնագիտությունը ներ է դրվել 2002 թվականին, իսկ 2017 թվականից ընդունելություն է իրականացվում նաև 9-ամյա կրթության հիմքով:

19 տարիների ընթացքում քոլեջը «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությամբ թողարկել է ավելի քան 120 շրջանավարտ, ովքեր նույնպես պահանջված են տարածաշրջանում: Այժմ այս մասնագիտությամբ իրենց մասնագիտական կրթությունն են ստանում 65 ուսանող, ովքեր հետագայում նույնպես կհամալրեն ՏՏ ոլորտի մասնագետների շարքերը և իրենց ներդրումը կունենան տարածաշրջանում ՏՏ ոլորտի զարգացման գործում։

«Համակարգիչների շահագործում» մասնագիտությունը նույնպես քոլեջի մեծ պահանջարկ ունեցող ՏՏ ոլորտի մասնագիտություններից է:

Քոլեջում 12-ամյա կրթության հիմքով «Համակարգիչների շահագործում» մասնագիտությունը ներ է դրվել 2015 թվականին, և այս կարճ ժամանակահատվածում թողարկել է ավելի քան 50 շրջանավարտ, ովքեր իրենց մասնագիտությամբ աշխատում են Գորիսի տարածաշրջանի համակարգչային ծառայություններ մատուցող կազմակերպություններում։

2019 թվականին քոլեջը ՏՏ ոլորտում առաջատար «Ինստիգեյթ Մոբայլ» և «ՕգմենթԱր» ընկերությունների հետ կնքել է պրակտիկայի և գործնական պարապմունքների անցկացման պայմանագիր, համաձայն որի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության ուսանողներն իրենց պրակտիկաները կանցկացնեն «Ինստիգեյթ Մոբայլ»-ի Գորիսի մասնաճյուղում և «ՕգմենթԱր»-ում: Նույն թվականին պայմանագրեր են կնքվել Գորիսում գործող «Նոր Շունչ» ՍՊ ընկերության և «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպության հետ, համաձայն որի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողները հնարավորություն են ստացել պրակտիկաներն ու գործնական պարապմունքներն անցկացնել վերոնշյալ կազմակերպություններում:

Հաշվի առնելով աշխատաշուկայում ինտեգրվելու ներկայիս պայմանները՝ քոլեջը կարևորում է ոլորտում առաջատար ընկերություններում գործնական պարապմունքների և պրակտիկաների անցկացումը: Այն հնարավորություն է տալիս փոխշահավետ հարթակ բացելու քոլեջ-աշխատաշուկա փոխգործակցության մեջ, իսկ «Ինստիգեյթ Մոբայլ»-ն ու «ՕգմենթԱր»-ը Հայաստանում ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից են, «Նոր Շունչ» ՍՊ ընկերությունն ու «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն Գորիսի տարածաշրջանի առաջատար ընկերություններից են և քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Համակարգիչների շահագործում» մասնագիտությունների շրջանավարտների համար պոտենցիալ աշխատատեղ:

Ոչ պակաս մարտահրավեր են ժողովրդագրական փոփոխությունները՝ մարդկային ռեսուրսի անընդհատ նվազման միտումով, բնակչության սոցիալական վիճակի վատթարացումը. հատկապես վերջին հանգամանքն անդրադարձ է ունենում վճարովի հիմունքով ուսուցման կազմակերպման վրա:

Վերոգրյալ եւ մի շարք այլ իրողություններն առաջ են բերել առկա խնդիրների հանդեպ նորովի, ոչ ստանդարտ մոտեցումների, ուսուցման որակի արմատական բարելավման ու արդիականացման, առողջ մրցակցության անհրաժեշտություն:
 

ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (16.04.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 324 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Սոցիալապես որքան արդար՝ այդքան զորավոր է հայրենիքը: Գ. Նժդեհ Անկախության տոնը Գորիսի պետական քոլեջում
Սոցիալապես որքան արդար՝ այդքան զորավոր է հայրենիքը: Գ. Նժդեհ Անկախության տոնը Գորիսի պետական քոլեջում

Այսօր Գուսան Աշոտի ծննդյան օրն է (տեսանյութ)
Այսօր Գուսան Աշոտի ծննդյան օրն է (տեսանյութ)

«Մատնահարդար», «դիմահարդար», «գորգագործ»․ 2019-2020 ուստարում նոր մասնագիտություններ՝ Գորիսի պետական քոլեջում
«Մատնահարդար», «դիմահարդար», «գորգագործ»․ 2019-2020 ուստարում նոր մասնագիտություններ՝ Գորիսի պետական քոլեջում

Ամփոփենք «Ամանորի երեկո 2014» միջոցառումը (լուսանկարներ)
Ամփոփենք «Ամանորի երեկո 2014» միջոցառումը (լուսանկարներ)

ՕԼՅԱ ՂՈՒԼՅԱՆ. ՍՈՎՈՐԵԼՈՎ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ
ՕԼՅԱ ՂՈՒԼՅԱՆ. ՍՈՎՈՐԵԼՈՎ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ

«Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողների պրակտիկան «ԳՈւՄ» ՀԿ-ում
«Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողների պրակտիկան «ԳՈւՄ» ՀԿ-ում