13.07.2020թ., Երկուշաբթի
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քոլեջի շրջանավարտները կկարողանան մեկ տարի շահել, բայց մի կարևոր պայման կա

Քոլեջից բուհ անցնելու դեպքում այսուհետ առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողները նույնպես կկարողանան մեկ տարվա վարձ չվճարել։ Սակայն դրան հասնելու համար կարևոր է բարձր առաջադիմությունը։

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների` բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներն այսուհետ կկարողանան առկա ուսուցմամբ կրթություն ստանալ բուհում` միանգամից երկրորդ կուրս նստելով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը։

«Քոլեջների շրջանավարտների` բուհերում կրթությունը շարունակելու կարգում փոփոխություն է արվել։ Նախկինում քոլեջների շրջանավարտները կարող էին բուհ ընդունվել և երկրորդ կուրս նստել միայն հեռակա ուսուցմամբ, ինչն այնքան էլ արդար չէր մի շարք ուսանողների դեպքում։ Խնդիրն այն է, որ կան մասնագիտություններ, որոնց մասով հեռակա նախատեսված չէ, օրինակ, բժշկական, արվեստի և սպորտի ոլորտում»,–ասաց Աղբալյանը։

Նրա խոսքով` ընդունելության կարգում փոփոխություն կատարելով` այժմ հավասար պայմաններ են դրվում հեռակա և առկա ուսուցում ունեցող մասնագիտությունների գծով։ Աղբալյանը հայտնեց, որ կան ենթակարգավորող նորմեր, որոնք կարգավորում են գործընթացը, քանի որ, օրինակ, քոլեջից բուհ անցնելու ժամանակ սովորած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։

Այս փոփոխությունը, ըստ Աղբալյանի, առաջին հերթին բխում է հենց ուսանողների շահերից։

Հարցին, թե արդյոք ուսանողները հավելյալ քննություննե՞ր են հանձնելու, Աղբալյանը պատասխանեց` ոչ։ Մրցույթ կհայտարարվի, որի հիման վրա էլ շրջանավարտների ընտրություն կկատարվի` հաշվի առնելով առաջադիմությունը։Ի դեպ, դիմորդը կարող է մի բուհի կազմում գտնվող քոլեջն ավարտել ու ընդունվել բոլորովին այլ բուհ. միայն թե «մասնագիտական համընկնումներ» են պետք։ Այս դեպքում անհրաժեշտ է միայն, որ տվյալ քոլեջի և բուհի միջև կնքված պայմանագիր լինի, ինչպես նաև պետական որակավորման հանձնաժողովի եզրակացություն, ըստ որի` շրջանավարտը կարող է ընդունվել բուհի երկրորդ կուրս` առկա կամ հեռակա ուսուցմամբ։

Աղբալյանը հայտնեց` որոշումը քննարկվել է բուհերի հետ։ Բուհերը շահագրգռված են այս հարցում, քանի որ տարեցտարի ուսանողների թվի պակաս է գրանցվում, և սա բուհերի ֆինանսական բացը լրացնելու հնարավորություն է տալիս։

Կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանն էլ նշեց` ողջունելի փոփոխություն է, քանի որ նախկինում հեռակա և առկա սովորողների միջև կար արհեստական խոչընդոտ, որը հաղթահարվեց։ Բացի այդ, ըստ նրա, նախկինում մեկ պետական տեղի համար, օրինակ, կարող էր 2-3 անձ հավակնել, և որևէ կարգավորում չկար, թե ում պետք է նախապատվություն տրվի։ Իսկ հիմա հնարավորություն է տրվում, որ այդ տեղերի համար ընդունելությունը կազմակերպվի մրցութային կարգով։

«Սա կրթությունը շարունակելու և մեկ տարի շահելու լավ հնարավորություն է բարձր առաջադիմություն ունեցողների համար։ Բացի այդ, որոշումը ևս մեկ դրական կողմ ունի` մեկ անգամ ևս հիշեցնում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություն–բուհ կապի մասին և ասում` եթե քոլեջում լավ սովորես, կարող ես շահել։ Սա նաև խրախուսում է, որ քոլեջներում կրթության որակը բարձրանա»,–ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով` մյուս կողմից, այն շրջանավարտները, որոնք նույնպես ունեն բարձր առաջադիմություն, սակայն մրցույթից դուրս են մնում, անհավասար պայմաններում են հայտնվում։ Սակայն, ըստ մասնագետի, փոփոխության արդյունքում դրականն ավելի շատ է, քան` բացասականը։ Մխիթարյանը նշեց, որ փոփոխության արդյունքում քոլեջների վարկն էլ կբարձրանա, քանի որ անընդհատ խոսվում է, որ այնտեղ գնում են վատ առաջադիմություն ունեցող դպրոցականները։

Հիշեցնենք, որ այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` բուհ ընդունվելու համար նախատեսված է միայն մեկ քննություն։



ԱՂԲՅՈՒՐԸ: https://armeniasputnik.am/
ԵՆԹԱԽՈՒՄԲ: ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (15.06.2020)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 288 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Ուսանողների հետ հանդիպել է Գորիսի բաժնի անչափահասների գործերով խմբի ավագ տեսուչ Լիլիթ Դավթյանը
Ուսանողների հետ հանդիպել է Գորիսի բաժնի անչափահասների գործերով խմբի ավագ տեսուչ Լիլիթ Դավթյանը

Գորիսի պետական քոլեջում հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն հունվարի 8-ից
Գորիսի պետական քոլեջում հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն հունվարի 8-ից

Գորիսի պետական քոլեջի աշխատակիցները մասնակցել են «Սոցիալական գործընկերության  համայնքային մոդել»-ի  նախագծի ներկայացումը
Գորիսի պետական քոլեջի աշխատակիցները մասնակցել են «Սոցիալական գործընկերության համայնքային մոդել»-ի նախագծի ներկայացումը

ԳՊՔ-ի «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության ուսանողների այցը Տաթևի վանական համալիր
ԳՊՔ-ի «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության ուսանողների այցը Տաթևի վանական համալիր

Քոլեջի «ՀՏ և ԱՀԾԱ»  և  «Համակարգիչների շահագործում»  մասնագիտության ուսանողների և դասախոսների այցը  Հին  Խնձորեսկի պատմամշակութային բնակավայր
Քոլեջի «ՀՏ և ԱՀԾԱ» և «Համակարգիչների շահագործում» մասնագիտության ուսանողների և դասախոսների այցը Հին Խնձորեսկի պատմամշակութային բնակավայր

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԻՆ
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԷԻՆ