22.11.2019թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

«Ագրոլրատու»-ի հարցերին պատասխանում է Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը

   Այցեքարտ
   Կարեն Սամվելի Լազարյան. ծնվել է 1979թ. նոյեմբերի 7-ին Գորիս քաղաքում: Գորիսի N:3 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1996թ. ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, որի լրիվ դասընթացն ավարտել է 2000թվականին՝ ստանալով ֆիզիկական կուլտուրայի դասատուի և աթլետիկայի մարզչի որակավորում: Այնուհետև զորակոչվել է բանակ և 2000-2002թթ. ծառայել Արմավիրում, Վայքում ու Խաչիկում (պահեստազորի լեյտենանտ է): Զորացրվելուց մեկ տարի անց, իբրև ֆիզիկական կուլտուրայի դասախոս, աշխատանքի է անցել «Գորիսի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (նախկինում՝ Գորիսի մանկավարժական ուսումնարան): 2009թ. ապրիլի 14-ին մրցույթով ընտրվել է նույն քոլեջի տնօրեն և մինչև հիմա աշխատում է Գորիսի պետական քոլեջի տնօրեն:
   Աշխատանքին զուգահեռ սովորում է Գորիսի պետական համալսարանի իրավագիտության բաժնի 4-րդ կուրսում:
   2008թ. հոկտեմբերի 12-ին ընտրվել է Գորիս քաղաքի ավագանու անդամ:
   Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:
   Անկուսակցական է:

   2014թ. ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:

***

   -Պարո՛ն Լազարյան, ե՞րբ է հիմնադրվել քոլեջը, և ի՞նչ մասնագիտություններ կան այսօր:
   -Քոլեջը ոչ միայն Գորիսի, այլև տարածաշրջանի հնագույն ուսումնական հաստատություններից է: Հիմնադրվել է 1928 թվականին (որոշ աղբյուրների համաձայն՝ 1923 թվականին) և տևական ժամանակ կոչվում էր Գորիսի մանկավարժական տեխնիկում (ուսումնարան)՝ լուծելով և՛ Սյունիքի ու վայոց ձորի շրջանների, և՛ Լեռնային Ղարաբաղի դպրոցների մանկավարժական կադրերի պատրաստման խնդիրը:  2008 թվականից կրթօջախը նոր անվանում ունի՝ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ: Դա անվան փոփոխություն չէր սոսկ: Դա նշանակում էր մանկավարժական մասնագիտություններից աստիճանական հրաժարում և նոր մասնագիտությունների ներդրում:
   Այսօր քոլեջում միջին մասնագիտական կրթության ծրագրով առկա են հետևյալ մասնագիտությունները՝ նախադպրոցական կրթություն, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, քույրական գործ, մանկաբարձական գործ, դեղագործություն, զբոսաշրջություն:
   Ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ նաև, որ Գորիսի տարածաշրջանում զգացվում է արհեստագործական մասնագիտությունների ուսուցման կարիք. Գորիսի պրոֆտեխուսումնարանը փակվել էր 1990-ականների առաջին կեսին, իսկ արհեստավորների կարիք, մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում, զգացվում էր: Եվ մենք, միջին մասնագիտական կրթական ծրագրերին զուգահեռ, սկսեցինք կազմակերպել նախնական մասնագիտական (արհեստագործական) հետևյալ մասնագիտությունները՝ հասարակական սնունդ, վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում, ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ:
   -Իհարկե, նոր մասնագիտությունների կազմակերպումը թանկ հաճույք է, քանզի պայմանավորված է համապատասխան մանկավարժական կադրերի պատրաստմամբ, անհրաժեշտ ուսումնանյութական բազայով, ինչը կարողացել եք լուծել ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
   Մի խոսքով՝ այսօր քոլեջում գործում է ինը մասնագիտություն՝ 393 ուսանողով:
   -Որտե՞ղ են անցկացնում ուսանողներն իրենց ուսումնական և արտադրական պրակտիկան:
   Իսկապես, առանց արդյունավետ պրակտիկայի դժվար է պատկերացնել ուսումնական պրոցեսի ամբողջությունն ու լիարժեքությունը: Եվ, այդ առումով, կարող եմ ասել, մենք լավ գործընկերներ ունենք: Սակայն ուզում եմ դրվատանքի խոսք ասել առանձնապես «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մասին, որտեղ ավանդաբար կազմակերպվում է քոլեջի բժշկական մասնագիտությունների գծով պրակտիկան:
   -Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս նմանատիպ ուսումնական հաստատությունների հետ համագործակցու՞մ եք:
   -Կրթության և գիտության նախարարությունը տարիներ շարունակ որդեգրել է խրախուսելի մի գործելակերպ, ըստ որի՝ հանրապետության միջին մասնագիտական  ուսումնական հաստատությունների միջև համագործակցությունը դարձել է անշրջանցելի իրողություն: Եվ դա հաճելի է ու օգտակար: Դա հնարավորություն է տալիս իմանալ, թե որ  քոլեջում դրական ինչ միտումներ կան:
   Առանձնահատուկ կապեր ունենք Շուշիի հումանիտար քոլեջի հետ:

   Հանրապետության սահմաններից դուրս նույնանման որևէ ուսումնական հաստատության հետ առայժմ չենք համագործակցում, բայց, շնորհիվ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, կարողանում ենք աշխարհի մասշտաբով իրազեկ լինել բնագավառի զարգացման միտումներին:
   - Ի՞նչ ծրագրեր կան, որ առաջիկայում պետք է իրականացնեք:
   -Նոր և արդիական մասնագիտություններ ներդնելու խնդիր ունենք՝ դրանից բխող անելիքներով:
    Ուսումնանյութական բազայի շարունակական բարելավման խնդիր ունենք, որը սեփական միջոցներով  անհնար է լուծել, ինչը նշանակում է գտնել կազմակերպություններ, հովանավորներ…
   -Այսօր որո՞նք են քոլեջի համար հրատապ լուծում պահանջող խնդիրները:
   -Առաջնայինը, անշուշտ շենքի ջեռուցման խնդիրն է, թեև դա շատ թանկ հաճույք է: Ի դեպ, նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, թեև հին սակագներով:
Մեզ մտահոգում են շենքի պահպանման խնդիրը, շենքի բակի կարգավորումը, ջրահեռացման կանոնավորումը:
   Կա ևս մի խնդիր՝ շատ քննարկված և քննարկվող. Նկատի ունեմ շրջանավարտների աշխատանքի տեղավորման խնդիրը, որը, կարծում եմ, համահանրապետական մտահոգություն է:
   -Որևէ կազմակերպություն աջակցու՞մ է քոլեջի ուսումնական գործընթացի աշխատանքներին:
   -Քոլեջին ցույց տրվող յուրաքանչյուր աջակցություն մենք համարում ենք օգնություն նախևառաջ ուսումնական գործընթացին:
   Այդ տեսակետից առաջինը Սյունիքի մարզպետարանն է: Վերջին տարիներին մարզպետարանը երկու ծրագիր է իրականացրել քոլեջում ՝ մոտ 13 մլն դրամ արժողությամբ, որի արդյունքում շենքի ներսը մասամբ կարգի է բերվել:
   Որոշակի աջակցություն ենք ստացել  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից, Գորիսի քաղաքապետարանից, «Որոտանի հէկերի համակարգ» ՓԲ ընկերությունից, ԱՄՆ խաղաղության կորպուսից, գործարարներից: Ընդհանուր ներդրումները վերջին հինգ տարում կազմում է մոտ 20 մլն դրամ:
   -Ի՞նչ կցանկանայիք բավելացնել ասվածին:
   -Ձեր պարբերականի անունը, կարծեք, հուշում է, թե որն է «Ագրոլրատու»-ի հիմնական առաքելությունը: Սակայն, ինչպես երևում է, Ձեզ հետաքրքրում են նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վիճակն ու առօրյան: Դա, անշուշտ, ողջունելի պահվածք է՝ որդեգրված խմբագրության կողմից: Մյուս կողմից էլ դա բնական կարելի է համարել: Չէ՞ որ մեր կրթօջախը /միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն առհասարակ/ ինչ-որ  չափով նաև գյուղապահպանության խնդիր է լուծում; Գորիսի տարածաշրջանում, օրինակ, չգիտեմ մի գյուղ, որտեղ մեր շրջնավարտերն ակտիվ դերակատարություն չունենան համայնքային կյանքում:
   Մենք չխոսեցինք ամենագլխավորի մասին:

   Այսօր կրթական համակարգում, անգամ Գորիսի պես հեռավոր շրջանում, տիրում է մրցակցային մթնոլորտ, որը, միանշանակ, դրական երևույթ է: Բայց դա ենթադրում է դասախոսական կադրերի ինտելեկտուալ մակարդակի շարունակական բարձրացում, մանկավարժական հմտությունների զարգացում, դասապրոցեսի արդյունավետության ապահովում: Ասել է թե՝ առկա մրցակցուէթյունը դիմանալու միակ չափանիշը ժամանակի պահանջներին համապատասխանող շրջանավարտների պատրաստումն է, ինչին ձգտում ենք մեր ամենօրյա աշխատանքով:
   Մրցակցությանը դիմանալու, պահանջված լինելու մասին դատողություններ կարելի է անել ընդունելության ցուցանիշներով:


   Հարցազրույցը՝ Մանվել Կիրակոսյանի



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.am/
ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (13.05.2015)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 881 | ՎԱՐԿԱՆԻՇ: 5.0/1
Բաց դաս  «Հայ դասական գրողները»  թեմայով՝ բժշկական մասնագիտության ուսանողների մասնակցությամբ
Բաց դաս «Հայ դասական գրողները» թեմայով՝ բժշկական մասնագիտության ուսանողների մասնակցությամբ

Քննարկվեցին քոլեջներում կրթության որակի ապահովման խնդիրները
Քննարկվեցին քոլեջներում կրթության որակի ապահովման խնդիրները

ԳՊՔ-ի  «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ուսանողները  պատրաստել են  յուրօրինակ  ձեռքի աշխատանք
ԳՊՔ-ի «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության ուսանողները պատրաստել են յուրօրինակ ձեռքի աշխատանք

Ընկերական վոլեյբոլ Գորիսի երկու քոլեջների ուսանողների միջև (լուսանկարներ)
Ընկերական վոլեյբոլ Գորիսի երկու քոլեջների ուսանողների միջև (լուսանկարներ)

Գորիսի պետական քոլեջի անվանի շրջանավարտները
Գորիսի պետական քոլեջի անվանի շրջանավարտները

Ուսանողների միջազգային օրը նշեցին նաև ուխտագնացությամբ
Ուսանողների միջազգային օրը նշեցին նաև ուխտագնացությամբ