16.04.2021թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Գորիսի պետական քոլեջում տնօրենի ընտրություն էր. «Սյունյաց երկիր»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով Կարեն Լազարյանը 2021 թ. մարտի 30-ից (5 տարի ժամանակով) վերանշանակվել է «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն: Մինչ այդ՝ մարտի 26-ին, տեղի էր ունեցել մրցույթ քոլեջի տնօրենի թափուր տեղի համար, որի արդյունքում քոլեջի կառավարման խորհուրդը միաձայն քվեարկել էր Կարեն Լազարյանի օգտին:

Այդ կրթօջախը՝ Գորիսի մանկավարժական ուսումնարան անվամբ, ի սկզբանե եղել է Սյունիք-Զանգեզուրի տարծաշրջանի լավագույն ուսումնական հաստատություններից մեկը, որը տասնամյակների ընթացքում պատրաստել է մանկավարժական կադրեր եւ բավարարել Սյունիքի ու Վայոց ձորի մարզերն ընդգրկող շրջանների, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի կրթական համակարգի (եւ ոչ միայն) կադրերի պահանջարկը:

Շրջանավարտների մի մասը շարունակել եւ շարունակում է ուսումը հանրապետության տարբեր բուհերում: Նրանցից շատերը դարձել են անվանի գրողներ, ակադեմիկոսներ, մանկավարժներ, բժիշկներ, փիլիսոփաներ, ովքեր եղել ու մնում են կրթօջախի փառքը:

Մոտ 90-ամյա կրթօջախը, չնայած ժամանակների վայրիվերումներին, պահել է իր ինքնատիպությունը՝ արժանի եւ մնայուն տեղ զբաղեցնելով հանրապետության միջին մասնագիտական հաստատությունների շարքում:

Գորիսի պետական քոլեջն այսօր էլ արժանապատվորեն շարունակում է իր ազգանպաստ առաքելությունը եւ հարստացնում տասնամյակներով ձեւավորված ավանդույթները՝ ժամանակ առ ժամանակ համալրելով արդիական եւ տարածաշրջանի աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկը:

Կարեն Լազարյանը երրորդ անգամ է նշանակվում այդ կրթօջախի տնօրեն: Ներկա նշանակումը, անշուշտ, մի շարք առումով նոր պահանջների ու մարտահրավերների պայմաններում է: Ուստի եւ անհրաժեշտ համարեցինք հանրությանը հետաքրքրող երկու հարցով դիմել նրան՝ նկատի ունենալով նաեւ, որ Գորիսի պետական քոլեջը, ինչպես նշեցինք, 1928 թվականից առանձնահատուկ տեղ է գրավում Գորիսի ընդհանրական նկարագրում:

- Պարոն Լազարյան, շնորհավորում ենք Ձեզ՝ երրորդ անգամ Գորիսի պետական քոլեջի տնօրեն ընտրվելու կապակցությամբ: Ձեզ, ինչպես եւ քոլեջի դասախոսական եւ ուսանողական կոլեկտիվներին՝ հաջողություններ՝ դժվարին մեր ժամանակներում:

- Շնորհակալ եմ ե՛ւ մաղթանքների, ե՛ւ մեր կրթօջախի նկատմամբ հանրային հետաքրքրությունն արթուն պահելու համար:

- Անշուշտ, մեզ հետաքրքրում են Գորիսի պետական քոլեջի կրթական եւ դաստիարակչական աշխատանքներին առնչվող հիմնական հարցերը, բայց ուզում ենք արծարծել այլ խնդիրներ, որոնք մեր օրերում ծառացած են նաեւ ուսումնական հաստատությունների առջեւ:

Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Գորիսի տարածաշրջանը քանիցս դարձավ ռազմական գործողությունների թատերաբեմ:

Կուզենայինք լսել Ձեր խոսքը քոլեջի՝ արտակարգ իրավիճակներում գործելու կարողությունների եւ դրանց զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:

- Արցախյան մերօրյա պատերազմը վերստին ցույց տվեց՝ նման կարողությունների զարգացումը կարեւոր նախադրյալ է քոլեջի կրթական համակարգի անվտանգ գործունեության համար: Դա ենթադրում է ուսանողների, դասախոսների եւ մյուս աշխատակիցների անվտանգության ապահովում արտակարգ իրավիճակներում:

Այդ խնդիրը հիմնավորապես լուծելու համար որոշակի քայլեր ենք ձեռնարկել եւ շարունակում ենք ձեռնարկել:

Մասնավորապես՝ վերանայվում է Աղետների ռիսկի նվազեցմանը միտված եւ արտակարգ իրավիճակներում գործելու՝ նախկինում ընդունված պլանը: Նորովի են մշակվում քոլեջի քաղաքացիական պլանը, ժամանակացույցը…

Քոլեջը պետք է ունենա ապաստարան կամ քաղաքացիական պաշտպանության հենակետ՝ ապահովված առաջին անհրաժեշտության պարագաներով ու դեղորայքով:

Դրա համար ունենք համապատասխան տարածք:

Որոշ աշխատանքներ արդեն կատարել ենք, բայց եւ ակնկալում ենք Գորիսի համայնքապետարանի, Սյունիքի մարզպետարանի, ԱԻ եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների աջակցությունը:

Պետք է նկատի ունենալ, որ նախատեսվող ապաստարանը կամ հենակետը ոչ միայն մեր հաստատության մոտ 250 ուսանողի եւ աշխատողի համար է, այլեւ քաղաքի այդ թաղամասի բնակիչների համար:

Պատերազմական եւ հետպատերազմական օրերի փորձը ստիպում  է հիմնովին վերանայել նաեւ ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության դրվածքը: Այդ նպատակով կարեւոր դեր կխաղա քոլեջի ռազմագիտության եւ փառքի սրահը: Սենիկ Ջուլհակյան բարեգործի աջակցությամբ արդեն որոշ աշխատանքներ են կատարվել: Հույս ունեմ, որ անհրաժեշտ այդ նախաձեռնությունը (հնարավորինս կարճ ժամանակամիջոցում) պարոն Ջուլհակյանը կհասցնի ավարտին: Եվ մենք կունենանք ռազմական գործի ու փառքի սպասված սրահը՝ անհրաժեշտ պարագաներով ու գործառույթներով:

- Covid-19-ի պայմաններում համաճարակային կառավարումը նույնպես նոր եւ աննախադեպ խնդիրներ է առաջադրել ուսումնական հաստատություններին՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման տեսակետից:

Կարողանո՞ւմ եք դիմակայել այդ մարտահրավերին եւ ի՞նչ մտահոգություններ ունեք դրան առնչվող:

- Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման խնդիրը վերջին տարիներին եղել է մեր ուշադրության կենտրոնում, եւ այդ ուղղությամբ որոշակի հաջողություններ են արձանագրվել: Սակայն այդ ամենի հանդեպ նոր ու առավել ակտիվ մոտեցումների կարիք առաջացավ 2020 թվականին՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով եւ տվյալ իրավիճակում ուսումնական պրոցեսի կազմակերպման անհրաժեշտությամբ:

Ստեղծված իրավիճակում կրթության անընդհատության ապահովման նպատակով Գորիսի պետական քոլեջում եւս կազմակերպվեց հեռավար ուսուցում:

Քոլեջի ե՛ւ դասախոսները, ե՛ւ ուսանողները, ե՛ւ ծնողներն այդ փորձություն-մարտահրավերին արժանապատվորեն դիմակայեցին ու աշխատանքները կազմակերպեցին պատշաճ:

Այդ աշխատանքների հետագա արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ ենք համարում  քոլեջի մակարդակով գնահատել կազմակերպված հեռավար ուսուցման արդյունավետությունը, կատարված աշխատանքների ծավալը, լրացուցիչ դասերի անհրաժեշտությունը (նախնական ամփոփումներ քանիցս արվել են):

Ըստ նախնական ամփոփումների՝ առաջնահերթ խնդիր է մնում դասախոսների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաներին լիարժեք տիրապետելը: Կային դասախոսներ, ովքեր հեռավար ուսուցման ընթացքում են սկսել օգտագործել թվային տեխնոլոգիաները: Սկզբնական շրջանում վերջիններս դժվարանում էին կիրառել առցանց հարթակները, սակայն հեռավար ուսուցման հետ զուգահեռ ստանալով օգնություն և խորհրդատվություն քոլեջի ինֆորմատիկայի մասնագետների կողմից, կարողացան պատշաճ կերպով իրականացնել հեռավար ուսուցումը:

Նույնը կարելի է ասել նաեւ ուսանողների առումով: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գորիսի պետական քոլեջում ներդրված է երկու ՏՏ ոլորտի մասնագիտություն, ուստի ուսանողների զգալի մասը տիրապետում էր տեխնիկական միջոցներին:

Հեռավար ուսուցման արդյունավետության գնահատման նախնական ամփոփումը ցույց տվեց նաեւ, որ ոչ պակաս կարեւոր է այն ուսանողներին աջակցելու խնդիրը, ովքեր ունեն կապի հասանելիության, ինչպես եւ համակարգիչներ ձեռք բերելու կարիք՝ նաեւ ընտանիքների սոցիալական վիճակով պայմանավորված:

Կան այլ խնդիրներ եւս, որոնք չլուծելու դեպքում՝ խոչընդոտներն անխուսափելի են լինելու:

Հարցազրույցը՝ Տիգրանուհի Բադալյանի



ԱՂԲՅՈՒՐԸ: http://syuniacyerkir.am
ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (30.03.2021)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 655 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է
Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է

Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին
Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին

Կար ու ձև. «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները օր օրի էլ ավելի են կատարելագործում իրենց մասնագիտական հմտությունները
Կար ու ձև. «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները օր օրի էլ ավելի են կատարելագործում իրենց մասնագիտական հմտությունները

Գորիսի պետական քոլեջում հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն հունվարի 11-ից
Գորիսի պետական քոլեջում հեռակա ուսուցման դասերը կմեկնարկեն հունվարի 11-ից

Ծաղկեդրում Աշուղ Աշոտի կիսանդրուն
Ծաղկեդրում Աշուղ Աշոտի կիսանդրուն

Փոփոխություններ միջին մասնագիտական ուսհաստատություններից բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու կարգում
Փոփոխություններ միջին մասնագիտական ուսհաստատություններից բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու կարգում