24.01.2020թ., Ուրբաթ
ԳԼԽԱՎՈՐ » ԼՐԱՀՈՍ » Այլ

Բարձրագույն կրթության մասին նոր օրենք. քննարկում-բանավեճ Գորիսի պետական քոլեջում

Դեկտեմբերի 3-ին Գորիսի պետական քոլեջում հայ գրականության դասախոս Աննա Ալեքսանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում–բանավեճ: Քննարկման թեման բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունն էր, համաձայն որի բուհերում Հայոց լեզու, Հայոց պատմություն առարկաները նախատեսվում է դարձնել ոչ պարտադիր: Բնականաբար, Գորիսի պետական քոլեջի մանկավարժական կազմը այս նախագծին չէր կարող անարձագանք մնալ, ուստի քոլեջի հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության դասախոսներ՝ Աննա Ալեքսանյանը, Օլյա Ալեքսանյանը, Անի Յուզբաշյանը, Անուշ Փարսյանը, Դավիթ Ջուլհակյանը հանդես եկան զեկույցներով, որում իրենց կարծիքն էին հայտնում վերոնշյալ հարցի շուրջ: Հնչեցին տարբեր տեսակետներ, որոնք ունեցան իրենց պարզաբանումները:

Քոլեջի Հայ գրականության դասախոս Աննա Ալեքսանյանը իր զեկույցում նշեց.-«Այսօր բուհ են մտնում ուսանողներ, ովքեր չունեն հայերենի բավարար իմացություն, և այս պատկերի վրա քննարկվում է վերոհիշյալ առարկաների պարտադիր ուսուցումը՝ բուհերից հանելու առաջարկը: Կարծում եմ Ազգ գաղափարի մեջ հիմնաքարային դեր ունի լեզուն, և այդ առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելը վնաս կհասցնի ազգային ինքնությանը»: Այնուհետև տրամաբանական շարունակությամբ իր զեկույցով հանդես եկավ Հայոց լեզվի դասախոս՝ Օլյա Ալեքսանյանը, ով իրազեկված լինելով լեզվի դժվար և երկար ընթացքի մասին, իր դժգոհությունն էր արտահայտում կրթության և գիտության բնագավառում կատարվող փոփոխությունների վերաբերյալ:

«Հայերենն անցել է զարգացման երեք երկարատև ուղի. հին հայերեն, միջին հայերեն, նոր հայերեն, որը սկիզբ է առել 17-րդ դարից, ձևավորվել՝ 19-րդ դարում, և ստացել է  բավականին դժվար ու երկար ընթացք. ի՞նչպես կարելի է այն ավարտված համարել: Այո՛, հայոց լեզվի ոչ պարտադիր ուսուցումը տանում է նրան, որ մենք մեր հայերենը խեղաթյուրելով՝ ձեռնամուխ չենք լինի նրա զարգացմանը: Ուստի կարելի է ուղղակի կատարել ծրագրային փոփոխություններ, ստեղծել մասնագիտական–տերմինաբանական բառարաններ, և յուրաքանչյուր մասնագիտություն առաջնորդվի իր մասնագիտությանը համապատասխան ծրագրով: Ինչո՞ւ պետք է համակարգչային օպերատորը իր բառապաշարի մեջ օգտագործի «флешка» ռուսերենով կիրառվող բառը, երբ մենք ունենք մեր ճկուն լեզվով «Կրիչ» անվանումը: Հենց այս ամենից էլ պետք է խուսափել: Օրեցօր մեր բառապաշար մուտք կգործեն բազմաթիվ օտար բառեր և կխոչընդոտեն հայերենի զարգացմանը: Այսպիսով՝ հայոց լեզվի պարտադիր լինելու կամ չլինելու հարցը անքննարկելի է, այն մեր ազգային լեզուն է, եղել է, կա, և մենք պարտավոր ենք հավերժացնել և հեռու պահել ամեն տեսակ անկումից»,-իր խոսքում նշեց Օլյա Ալեքսանյանը:

Այս ամենի հետ մեկտեղ, քննարկմանը եղան նաև հակառակ կարծիքներ: Հայոց պատմության դասախոս՝ Հեղինե Առաքելյանը կողմ էր այն տեսակետին, որ բուհերում Հայոց լեզու, Հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր դարձնելը կնպաստի, որպեսզի ուսանողները ավելի շատ կենտրոնանան մասնագիտական առարկաների վրա, և հավելեց, որ այսօրվա իշխանության յուրաքանչյուր որոշում անքքնելի է և ճիշտ, և եթե կրթության նախարարը որոշել է այդպես, ուրեմն այդպես էլ պետք է լինի:

Բանավեճը եզրափակեց քոլեջի ուսումնական մասով փոխտնօրեն՝ Սերգեյ Ավանեսյանը, ով իր խոսքում ասաց.-«Նախ, պետք է նշեմ, որ շատերն են մոռանում, որ Հայաստանը վաղուց անկախ, ազատ, ինքնիշխան պետություն է և այն կարծիքները, որ Հայոց լեզու, Հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր դարձնելը վտանգում է մեր ազգային ինքնությունը, այնքան էլ տեղին չեմ համարում: Ազգ գաղափարի, ազգային ինքնության, հայագիտության պահպանումը պետք է դիտել այլ տեսանկյունից:

  

Ըստ իս, Հայոց լեզու, Հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր դարձնելու նախագծի քննարկումը տեղափոխվել է ավելի հուզական դաշտ, և այդ նախագծի իբրև թե վատ, ազգակործան լինելու մասին, կարծես, խոսում են միայն որոշակի շրջանակներ, ովքեր այս կամ այն կերպ հետաքրքրված են այդ առարկաների պարտադիր մնալուն, և խոսքս միայն ակադեմիական ազնվության մասին չէ: Հետաքրքիր է նաև այն, որ ոչ պարտադիր դառնալու դեմ չի արտահայտվում Հայոց լեզու ու Հայոց պատմություն առարկաները ոչ մասնագիտական հիմունքներով ուսուցանվող մասնագիտությունների գոնե մեկ ուսանող կամ դասախոս: Իսկ սա էլ, ըստ իս, իր պատճառն ունի, քանի որ իսկապես շատերն են կարծում, որ տարբեր մասնագիտությունների ուսումնական պլաններում ընդգրկված ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական, ընդհանուր բնագիտական առարկաների գերակշիռ մասն իսկապես խանգարում են մասնագիտական գիտելիքներ ստանալուն և ուսանողին շեղում են մասնագիտությունից: 

  

Այո՛, կարծում եմ, որ Հայոց լեզու, Հայոց պատմություն առարկաները, ինչպես նաև ուսումնական պլաններում ընդգրկված ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական, ընդհանուր բնագիտական առարկաները պետք է լինեն ոչ պարտադիր և յուրաքանչյուր ուսանող պետք է ինքը որոշի, թե տվյալ առարկաներից որն է ընտրում և որն է ուսումնասիրում: Այսպես եմ կարծում, քանի որ գտնում եմ, որ բուհ դիմում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են մասնագիտություն ստանալ, ինչի համար նաև վճարում են: Ինչո՞ւ պետք է մարդ վճարի մասնագիտություն ստանալու համար, սակայն ուսուցման սկզբնական 3 կամ 4 կիսամյակների ընթացքում ուսումնասիրի հիմնականում ոչ մասնագիտական առարկաներ, և խոսքս միայն Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների մասին չէ: Որքան էլ ասվում է, որ դա անհրաժեշտ է ուսանողի համակողմանի զարգացվածությունն ապահովելու համար, միևնույն է, կարծում եմ, որ մարդն իր համակողմանի զարգացվածությունը պետք է ստանա  դպրոցում, իսկ բուհում պետք է խորանա իր ընտրած մասնագիտության մեջ:

  

Ասում են, որ կրթության բարեփոխումը ճիշտ տեղից չեն սկսել, պետք է սկսեին դպրոցից: Այո՛, հանրակրթությունը լուրջ բարեփոխումների կարիք է զգում, այո՛, ներկայումս կան դպրոցի շրջանավարտներ, ովքեր այն ավարտում են գրեթե անտառաճանաչ, հայոց լեզվից չունենալով տարրական գիտելիքներ, որն իսկապես մտահոգիչ է: Սակայն, պետք է նշեմ, որ ԿԳՄՍ նախարության կողմից հայտարարվել է, որ բարձրագույն կրթության մասին օրենքի մշակման հետ զուգահեռ մշակվում են նաև հանրակրթության համար նոր չափորոշիչներ, որոնք ուժի մեջ կմտնեն բարձրագույն կրթության մասին օրենքի հետ միաժամանակ՝ 2022 թվականից: Պետք է հույս ունենանք, որ նոր չափորոշիչների ներդրման հետ կփոխվի նաև հանրակրթությունը և աշակերտները բուհեր ընդունվելու համար նախ ստիպված չեն լինի կրկնուսույցի մոտ պարապել:

  

Բուհական համակարգում ուսանողները Հայոց լեզու, իսկ ավելի կոնկրետ Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ, ինչպես նաև Հայոց պատմություն առարկաների դասաժամերին անցնում են այն ամենը, ինչը անցել են դպրոցում, իսկ որոշներն էլ այդ ամենից քննություն են հանձնել՝ բուհ ընդունվելու համար, ինչի պատճառով տվյալ դասաժամերին ուսանողների հետաքրքրվածության աստիճանը և սովորելու մոտիվացիան գրեթե հավասար է զրոյի, քանի որ որևէ մեկը ի վիճակի չէ նույն ինֆորմացիան ստանալ նախ՝ դպրոցում, հետո՝ կրկնուսույցի մոտ, հետո էլ բուհում, եթե հաշվի չառնենք նաև այն փաստը, որ 12-րդ դասարանում դպրոցական ծրագրերն ամբողջությամբ կրկնություն են:

Որևէ մեկը դեմ չի լինի Հայոց լեզու, Հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցմանը, եթե դրանց առարկայական ծրագրերը կազմված լինեն այնպես, որ դասաժամերին ուսանողներն ուսումնասիրեն մասնագիտական տերմինաբանություն, հայաֆիկացնեն իրենց մասնագիտության մեջ տարածված օտարալեզու բառերը, ինչն իսկապես կնպաստի հայերենի զարգացմանը, հայոց լեզվի պահպանմանը, այլ ոչ կրկնեն այն ամենը, ինչն անցել են դպրոցական տարիներին: Մասնագիտական ուղղվածությամբ պետք է լինեն նաև ուսումնական պլաններում ընդգրկված ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական, ընդհանուր բնագիտական, առանցքային հմտությունների բլոկների առարկաները:

Եվ վերջապես, բողոքելու փոխարեն, կարելի է առաջարկել, որ օրինակ՝ բանասիրության ֆակուլտետում ուսուցման 3-րդ, 4-րդ տարիներին ուսանողներն ընտրեն որևէ մասնագիտություն և աշխատեն այդ մասնագիտության համար մասնագիտական տերմինաբանություն ստեղծելու ուղղոթյամբ, ինչը և կլինի հայոց լեզվի պահպանման կարևոր մեխերից մեկը, խոչընդոտ կհանդիսանա հայոց լեզվում օտար բառերի մուտք գործելուն։

Ավարտելով նշեմ, որ բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը մի կարևոր դրույթ էլ է պարունակում, որի մասին չի խոսվում: Նոր օրենքով նախատեսվում է, որ ցանկացած դիմորդ բուհ ընդունվելու համար, անկախ մասնագիտությունից, պետք է հանձնի քննություն հայոց լեզու և գրականություն առարկայից: Սա իսկապես կարևոր է, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի դեռ դպրոցում կգիտակցի, որ պետք է Հայոց լեզու և Հայ գրականություն առարկաներն այնպես ուսումնասիրի, որ կարողանա պատշաճ կերպով քննություն հանձնել: Կարծում եմ, որ այս ամենի մասին լռում են միտումնավոր, իսկ պատեհ-անպատե քննարկումներն արհեստածին եմ համարում և նախկինների կողմից մեդիահարթակներում լրացուցիչ աղմուկի բարձրացման առիթ»:

 



ԱՂԲՅՈՒՐԸ: http://goriscollege.com
ԵՆԹԱԽՈՒՄԲ: Այլ | ԱՎԵԼԱՑՐԵԼ Է: ԽՄԲԱԳԻՐ (07.12.2019)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 546 | ՎԱՐԿԱՆԻՇ: 0.0/0
«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների գործնական կատարելագործված  քայլերը կարվինգի բնագավառում
«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների գործնական կատարելագործված քայլերը կարվինգի բնագավառում

Քննարկվեցին քոլեջներում կրթության որակի ապահովման խնդիրները
Քննարկվեցին քոլեջներում կրթության որակի ապահովման խնդիրները

Նորանոր քայլերով և գաղափարներով դեպի ինստիտուցիոնալ հավատարմագրում
Նորանոր քայլերով և գաղափարներով դեպի ինստիտուցիոնալ հավատարմագրում

«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների առաջին արտադրական պրակտիկան
«Խոհարարական գործ» մասնագիտության ուսանողների առաջին արտադրական պրակտիկան

Արդիական մասնագիտություն. «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում»
Արդիական մասնագիտություն. «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում»

Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ  դասընթաց «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ» ծրագրի վերաբերյալ
Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ դասընթաց «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ» ծրագրի վերաբերյալ