19.11.2019թ., Երեքշաբթի
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
1013.03.4 «ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾ»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
 
Մասնագետի որակավորումը` խոհարար
Կրթությունը` նախնական մասնագիտական (արհեստագործական)
Կրթության հիմքը՝  միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝  միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ - 1 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Անվճար և վճարովի
 
 
   Կարելի է թերևս ասել, որ խոհարարությունը մեր ամենաառօրեկան, ամենակիրառական, ամենագնահատելի և ամենաթափանցիկ արվեստն է։ Ինչու ամենաթափանցիկ, որովհետև այս արվեստում չես կարող անորակությունը, անփորձությունը կամ ոչ բանիմացությունը թաքցնել անհատականության դրսևորման կամ ստեղծագործական յուրօրինակության քողի տակ, որից շատ հաճախ օգտվում են մյուս բնագավառների ստեղծագործողները անվարժությունը, ոգեշնչման պակասը կամ սեփական անտաղանդությունը քողարկելու պատրվակով։ Խոհարարի արվեստը կարող են գնահատել բոլորը և դրա կատարելության չափանիշները շատ պարզ են՝ համը, հոտը, օգտակարությունը, ախորժալի տեսքը:
 
 
   Թեև չի կարելի մոռանալ նաև ազգային, կլիմայական և աշխարհագրական գերադասությունների գործոնը։ Ցավալին միայն այն է, որ խոհարարի ամենամեծ գլուխգործոցն իսկ կարող է գնահատվել միայն սպառվելու դեպքում և այս արվեստի կատարյալ ստեղծագործությունների կյանքը շատ կարճ է։ Նույնիսկ կարելի է ասել, որ կատարելությունը հակադարձ համեմատական է՝ ստեղծագործության կյանքի տևողության նկատմամբ։ Բայց գուցե դա ցավալի է արվեստագետի տեսակետից, իսկ սպառողի տեսակետից՝ ամենևին, քանզի խոհարարության գլուխգործոցների սպառումը մարդու անձնական կյանքում երևի ամենակարևոր հաճույքներից մեկն է։ 
   «Խոհարարական գործ» մասնագիտության ուսուցման տևողությունը մեկ տարի է, միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով:
 

   «Խոհարարական գործ» մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն ավարտած, պետական ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտին շնորհվում է «Խոհարար» որակավորում: Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականցվել առկա ձևերով:

   «Խոհարարական գործ» մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

   Հյուրանոցում, ռեստորանում և հանրային սննդի այլ վայրերում, նավերում, գնացքներում և մասնավոր տներում ծրագրում, կազմակերպում, նախապատրաստում և պատրաստում է սնունդ, խմիչքներ և խոհարարական այլ արտադրանքներ:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1013.03.4 «Խոհարարական գործ» մասնագիտության «Խոհարար» որակավորմամբ շրջանավարտը իր մասնագիտական գործունեության ընթացքում պետք է իրականացնի հետևյալ պարտականությունները. 
1. կազմել և ներկայացնել պահանջագիր անհրաժեշտ սննդային ռեսուրսների վերաբերյալ, ինրպես նաև հաշվետվություն ընդունված, օգտագործված և մնացորդային սննդային ռեսուրսների վերաբերյալ,
2. նախապատրաստել և շահագործել խոհարարական՝ մեխանիկական, էլեկտրական, ջերմային մշակման սարքավորումները,
3. պատրաստել և պահպանել սննդային կիսապատրաստվածքները՝ համաձայն սահմանված տեխնոլոգիայի,
4. ընտրել համապատասխան կիսապատրաստվածքներ՝ ըստ կերակրատեսակների,
5. իրականացնել սննդամթերքի խոհարարական (ջերմային և մեխանիկական) մշակում,
6. իրականացնել կերակրատեսակների ջերմային մշակում,
7. կատարել պատրաստի արտադրանքի համապատասխան ձևավորում և ժամանակին  տրամադրել մատուցողին: