17.11.2018թ., Շաբաթ

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


ՎԱՍՏԱԿԱԾ ԱՅՑԵՔԱՐՏ, ՊԱՐԶԱԾ ԳԱԼԻՔԻՆ

   Ամեն մի ժողովրդի գոյատևման նախապայմանը ոչ այնքան հող ու սեփական պետականություն ունենալն է, որքան հոգևոր արժեքների ստեղծումն ու պահպանումը` հատկապես լեզվի, գիր ու գրականության, ինչ խոսք, նաև կրթօջախների: «Ոչ միայն հացիվ, այլ նաև բանիվ» աստվածաշնչյան իմաստնությունը շատ բնորոշ է հայ ժողովրդին, որի առհավատչյան այսօր մեր ազատ Հայաստանն է` իր անկախ պետականությամբ, աշխարհ զարմացնող իր հինավուրց ու նորօրյա մշակույթով, իր ճարտարապետությամբ, գիտությամբ, արվեստով:

   Դեռևս մեր պատմության հնագույն ժամանակներում, երբ հանճարեղ երախտավորը` Մեսրոպ Մաշտոցը, տառապանքով ու նվիրումով հիմնում էր հայոց առաջին դպրոցները, խորագույն գիտականությամբ վերծանում էր նաև, որ դպրոցը մեր լինելության, ազգապահպանության, շարունակվելու և չվերջանալու հիմնաքարն է և, որպես այդպիսին, իմաստուն խորհուրդ ունի իր մեջ:

   Հեռավոր ժամանակներից առ այսօր դպրոցը կանաչ լույս վառեց մեր դժվարի ու հերոսական ընթացումի ճանապարհին, հույսի լույս վառեց կյանքի դժվարին կեռմաններում ու քառուղիներում, լինել-չլինելու հարատևող պայքարում, որպեսզի դառնար բաղձալի շարունակություն այն ամենի, ինչը դարերի համբավավոր պատմություն ունի: Գորիսի մանկավարժական ուսումնարանի (նախկինում` տեխնիկում) հիմնադրման փաստն էլ դրա վկայություններից մեկն է: Այն բացվեց ՀՍՍՌ Լուս. ժողկոմատի 1923թ. որոշմամբ:

   Ուսումնարանի բացման կազմակերպչական աշխատանքները վստահվեցին առաջին դիրեկտոր Արսեն Առաքելյանին: Ուսումնարանն սկզբում ուներ դպրոցական, այնուհետև նախադպրոցական բաժիններ:

   Դասատուները կիրթ ու զարգացաժ մարդիկ էին. Հմայակ Թարախչյան ճեմարանավարտ, մի քանի լեզուների տիրապետող մարդ էր, պարապում էր մանկավարժություն, Հայկուշ Թումանյանը (Հովհաննես Թումանյանի ազգականը) պարապում էր պատմություն, բժիշկ Իսահակ Իսահակյանը (հետագայում` օրթոպեդիկ ինստիտուտի տնօրեն)` ֆիզոլոգիա, Գուրգենը (հետագայում` բժշկական ինստիտուտի պրոֆեսոր)` ֆիզկուլտուրա, Սուրենը, որ կրթություն էր ստացել Շվեցարիայում` գյուղատնտեսություն:

   Արխիվային նյութերին ծանոթանալիս դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի անասանելի կարիքի ու զրկանքի մեջ են եղել փոքրաթիվ մանկավարժները, սակայն չեն երերացել դժվարությունների առջև և ազնվագույն բարեխղճությամբ են կատարել իրենց պարտքը:

   Այսօր երևի զարմանալի հնչի, որ ուսումնարանի սաները, որոնք ընդունվել են 7-ամյա բազայի վրա, ինչպիսի լուրջ քաղաքական ու տնտեսական աշխատանքներ են կատարել:

   Բայց կյանքի հոլովույթը, ամենազոր ճակատագիրն է անհատին տանում երբեմն նախատեսած, երբեմն էլ` չնախատեսած, հաճախ էլ բոլորովին անակնկալ ուղիներով, մեկին դարձնում մանկավարժ, մյուսին` բժիշկ, առանձին անհատների` գրող, գիտնական, ռազմական գործիչ և այլն:

   Ուսումնարանի սաներին ևս վիճակվեց տարբեր ճակատագրեր և նրանցից շատերը դարձան անվանի մարդիկ, որոնց համբավը դուրս եկավ ոչ միայն հանրապետության, այլև նախկին միության սահմաններից: Նրանցից մեկն էր Սերո Խանզադյանը` գրող, հրապարակաղոս, հասարակական գործիչ: Նա ոչ միայն մեր գրականության հենասյուներց է, այլև հայ արձակի սպարապետը:

   Սուրեն Այվազյանը, դարձյալ տաղանդավոր գրող, որն իր սքանչելի ստեղծագործություններով ոչ միայն շոշափեց համամարդկային գաղափարներ, այլև աշխարհին ներկայացրեց իր ծննդավայրը` Զանգեզուր սքանչելի աշխարհը:

   Արգասաբեր է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս,կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ  Գիտությունների ակադեմիայի կենսաբանության ինստիտուտի տնօրեն Վահան Ղազարյանի գիտական գործունեությունը:

    Գիտական ճանապարհ անցան նաև մյուս սաները.

   Բայց ուսումնարանը փառավոր է ոչ միայն անվանի մարդկանցով, այլև այն բազմաթիվ սաներով, որոնք կյանք են մտել, աշխատել և ամենուր բարձր պահել հայրենի կրթօջախի պատիվը:

   Հաստատությունը, յուրացնելով և շարունակելով անցյալի լավագույնը, ամրապնդելով մանկավարժության նոր և առաջավոր փորձը, որոշակի հաջողությունների է հասել հատկապես վերջին տարիներին: 15 տարի առաջ ուսումնարանն ուներ ընդամենը երկու բաժին` նախադպրոցական դաստիարակություն և գրադարանային գործ, 50 սովորողներ: Նախարարության հոգատարությամբ և կոլեկտիվի ջանքերով բացվեցին «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Համակարգիչների շահագործում», «Դիզայն», «Դեղագործություն», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Հասարակական սնունդ», «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ», «Զբոսաշրջություն», «Կարի արտադրության տեխնոլոգիա», «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունները: Ուսումնարանը զբաղեցնում էր ՀՊՃՀ Գորիսի մասնաճյուղի առաջին հարկը միայն` իր փոքրաթիվ լսարաններով: Արժմ այն զբաղեցնում է 5 հարկ` 25 լսարաններով: Ունենք լեզվահնչյունային, ուսուցման տեխնիկական միջոցների, կենսաբանության, վարսավիրության, խոհարարության, փայտագործության, կերպարվեստի, համակարգչային և առանձին առարկայական կաբինետներ, կարի արհեստանոց: Քոլեջն ապահովված է համապատասխան գույքով:

   Մեր սերունդների կրթության ու դաստիարակության գործում իրենց կարևոր ներդրումն ունեն այնպիսի լավագույն մանկավարժներ, ինչպիսիք են` Կարեն Լազարյան (տնօրեն), Լյուդմիլա Գրիգորյան, Էլեոնորա Հարությունյան, Ռոբերտ Ղազարյան, Տաթևիկ Հարությունյան, Լյուդմիլա Հայրապետյան, Անժելա Առաքելյան, Ալվարդ Ավետիսյան, Ինգա Քարամյան, Ծաղիկ Ավանեսյան, Աննա Ասատրյան, Աննա Տոռոզյան, Սերգեյ Ավանեսյան, Անուշ Մկրտչյան և այլոք:

   Մանկավարժական կոլեկտիվը, որ մենք ունենք այսօր, պատիվ կբերի ցանկացած ուսումնական հաստատության:

   Մեր երախտագիտությունը ձեզ, սիրելի մանկավարժներ:

   1998թ. նշանավոր եղավ ուսւոմնարանի կյանքում: Մարող մոմի պես մինչև վերջ լույս տալով մարեց մանկավարժական ուսումնարանը` կառավարության որոշմամբ վերակազմավորվելով մանկավարժական քոլեջի, իսկ 2008թ. կրկին անգամ վերակազմավորվեց իբրև Գորիսի պետական քոլեջ, քոլեջ, որն իր հետևում ունի մանկավարժական ուսումնարանի 86 տարիների աշխատանքային հիանալի փորձը և լավագույն ավանդույթները:

   Թող որ մեր այս, անկասկած, ոչ դիպվածային հանդիպումը հայրենի տունը նորոգ, բարգավաճ, շեն տեսնելու ցանկությունների միագումարը լինի:

   Միայն այսպես կարող ենք գալիքում մեր տեղն այսօրվանից պատվիրել ...